ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Իրանի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի դստերը, որը կալանավորվել էր երկրում զանգվածային ցույցերին աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Նեդա Շամսը։
«Տիկին Ֆաեզե Հաշեմին ժամանակավորապես դատապարտվել է 5 տարվա ազատազրկման իր դեմ առաջադրված վերջին գործին առնչվող մեղադրանքով... Մեկնաբանել դատավճիռը, հաշվի առնելով դրա անորոշությունը, ճիշտ չէ»,- գրել է Շամսը Twitter-ում։
Իրանի դատական համակարգում «նախնական վճիռը» բողոքարկման հնարավորություն է ենթադրում։
Փաստաբանը հավելել է, որ իր պաշտպանյալը դեռ անազատության մեջ է, նրա դեմ ևս մի քանի գործ է հարուցվել։
Ֆաեզե Հաշեմի Ռաֆսանջանին նախկին պատգամավոր է, աջակցում է իրանական ընդդիմությանը։ Մասնակցել է հակակառավարական ցույցերին։ Նա առաջին անգամ ձերբակալվել էր 2009 թվականին, երբ նախագահական ընտրությունների ժամանակ սատարում էր բարեփոխական թևի թեկնածուներից մեկին՝ Միր-Հոսեյն Մուսավիին։ Այնուհետև նա երկու անգամ դատապարտվել էր 6 ամսվա ազատազրկման, հինգ տարի ժամկետով զրկվել էր քաղաքական գործունեությունից։
Նա կրկին ձերբակալվել էր 2022 թվականի սեպտեմբերի 27-ին՝ բարոյականության ոստիկանության կողմից կալանավորված քուրդ աղջկա մահվան հետ կապված զանգվածային բողոքի ցույցերին աջակցելու համար։