ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանն ու նրա ընտանիքի անդամներն այցելել են Սպահան։ Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ հունվարի 4-ի առավոտյան դեսպանն այցելել է Ազգային առաջնորդարան։
Նա հանդիպում է ունեցել թեմակալ առաջնորդ տեր Սիփան եպիսկոպոս Քեչեճյանի, Թեմական և Կրոնական խորհուրդների ատենապետներ Նոել Մինասյանի, Վրեժ Տեր-Մարտիրոսյանի, Զավեն Սիմոնյանի և Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայանի հետ ու շրջայց կատարել Սուրբ Ամենափրկիչ վանքի զբոսաշրջայինբաժինները, այցելել Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիր, իսկ երեկոյան՝ «Արարատ» միություն, որտեղ հանդիպել է միության կենտրոնական վարչության անդամներին։
Դեսպանը այցելել է նաև Սպահան քաղաքի տեսարժան վայրեր, մասնակցել սուրբ Ճրագալույցի տոնի առիթով Ստեփանոս եկեղեցում մատուցված պատարագին, իսկ հունվարի 5–ի առավոտյան՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ սուրբ Բեթղեհեմ եկեղեցում տեղի ունեցած պատարագին։