ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. 2022 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3,51 մլն տոննա, ինչը 14,1%-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը: Ավելին, 2021 թվականի համեմատ, նախորդ տարի 15%-ով ավելի ուղևոր է փոխադրվել, հայտնում է ՀԿԵ-ն։
Նշվում է, որ ընկերության ներդրումային ծրագիրն իրականացվել է ամբողջ ծավալով։
«Արտահանման հաղորդակցությունում փոխադրվել է 451 հազար տոննա բեռ, ինչը 12,5%-ով գերազանցում է 2021-ի ցուցանիշը։ Արտահանման բեռնափոխադրումների աճն ապահովվել է առավելապես արդյունաբերական հումքի և կոնտեյներային բեռների հաշվին։ Տեղական հաղորդակցությունում փոխադրվել է 2 մլն 144 հազար տոննա բեռ, ինչն էլ 3,3%-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։Հիմնականում ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական հումքի փոխադրումների ավելացումը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ինչ վերաբերում է ներմուծման հաղորդակցությանը, ապա նախորդ տարի ապահովվել է 39,9 տոկոս աճ՝ ավելի քան 906 000 տոննա, հիմնականում՝ երկաթուղում հացահատիկի, նավթալից և արդյունաբերական բեռների լրացուցիչ ծավալների ներգրավման հաշվին:
Բացի այդ, 2022 թվականին ընկերությունը փոխադրել է 501 000 ուղևոր, ինչը 15%-ով ավելի է 2021թ. ցուցանիշից։ Միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 58,2 հազար ուղևոր, իսկ տեղական հաղորդակցությունում ՝ 442,7 հազար ուղևոր։
«ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալի դրական դինամիկան վկայում է մեր աշխատանքի նկատմամբ տնտեսվարող սուբյեկտների վստահության աճի մասին»,-հայտարարել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Իսկ, ահա, ընկերության ներդրումների ծավալը 2022 թվականին կատարվել է ամբողջ ծավալով ՝ 3,8 մլրդ դրամ։ Ենթակառուցվածքներում ներդրումները կազմել են մոտ 2,9 մլրդ դրամ, իսկ շարժակազմում ՝ մոտ 900 մլն դրամ։