Հայաստանում նախատեսվող ՀԱՊԿ զորավարժությունները կարող են անցկացվել այլ երկրներում

ՀԱՊԿ շտաբը հաստատել է, որ Հայաստանից ծանուցում է ստացել իր տարածքում զորավարժությունների անցկացման աննպատակահարմարության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ զորավարժությունները, որոնք նախատեսվում էր անցկացնել 2023 թվականին Հայաստանի տարածքում, կարող են անցկացվել այլ պետություններում: Տեղեկությունը հայտնել Է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունը։
Շտաբից նշել են, որ ներկայումս մշակվում են առաջարկներ ՀԱՊԿ այլ անդամ պետությունների տարածքում նման զորավարժություն անցկացնելու հնարավորության մասին։ Քննարկվում է նաև 2023 թվականի համար ՀԱՊԿ կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ պատրաստման պլանի հստակեցումը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժություններն այս տարի կանցկացվեն Հայաստանում։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանելով այս տեղեկությունը ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը նպատակահարմար չի գտնում առնվազն այս տարի ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը Հայաստանում ՝ հավելելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ մասին արդեն տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբին:
Միացյալ շտաբը հաղորդագրության մեջ հաստատել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացել է նամակ այն մասին, որ 2023 թվականին Հայաստանի տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ զորավարժություն անցկացնելն աննպատակահարմար է։