ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վերահաստատում է իր կոչը՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։ Այդ մասին «Արմենպրեսին» ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Նա հիշեցրել է, որ Գուտերեշն իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնել է 2022-ի դեկտեմբերի 14-ի իր հայտարարության մեջ։ Այս մտահոգությունները քարտուղարության կողմից բարձրաձայնվել են նաև 2022-ի դեկտեմբերի 20-ին Հայաստանի հայցով հրավիրված ԱԽ արտակարգ նիստի ընթացքում։
«Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր կոչերը՝ դեէսկալացիայի ենթարկել իրավիճակը և ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների, նա իր աջակցությունն է հայտնում միջնորդական ջանքերին»,-ասել է Դյուժարիկը։
Միաժամանակ, նա նշել է, որ ՄԱԿ-ի ներկայացուցչությունները Հայաստանում և Ադրբեջանում շարունակում են տեղում կապ պահպանել իշխանությունների և միջազգային կազմակերպությունների հետ։ Նրանք, ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի, պատրաստ են արձագանքել, եթե լինի դիմում և թույլ տան պայմանները։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։