ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից և նրա հետ փոխկապակցված երեք անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևան քաղաքում գտնվող մեկ բնակարան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Ջրվեժ համայնքներում գտնվող երկու առանձնատուն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է մոտ 364 մլն դրամ։
«Կբռնագանձվի նաև մոտ 174 մլն դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ, ու մոտ 276 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ դատախազությունը հայցադիմումը դատարան էր ներկայացրել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին:
Հիշեցնենք, որ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ 2019-ի նոյեմբերի 24-ին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր տվել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու և մեղադրանք առաջադրելու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում և խափանման միջոց ընտրվել կալանավորումը։
2021 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանը որոշել է կարճել գործի վարույթը։