Թուրքիայում սեփական կործանիչի առաջին թռիչքը ծրագրում են 2023 թվականի վերջին

Ի սկզբանե նախատեսվում էր, որ սեփական արտադրության առաջին թուրքական կործանիչը թռիչք կիրականացնի 2025 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Սեփական մշակման հինգերորդ սերնդի թուրքական կործանիչն օդ կբարձրանա մինչև 2023 թվականի վերջը: Այս մասին հայտարարել է «Turkish Aerospace Industries» (TUSAS) ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Կոտիլը։
Նա հիշեցրել է, որ ի սկզբանե թռչող սարքի նախատիպի առաջին թռիչքը նախատեսված էր 2025 թվականին, սակայն ընկերությունում որոշել են վերանայել ու արագացնել թռիչքի ամսաթիվը, հաղորդում է Anadolu գործակալությունը:
«Նախագիծը ծրագրվածից ավելի արագ է ընթանում։ Նախատիպի թռիչքը նախատեսել էինք 2025 թվականին, սակայն այն կիրականացվի մինչև տարեվերջ»,-ասել է ընկերության գլխավոր տնօրենը։
Նրա խոսքով` ներկայում մասնագետները զբաղվում են ինքնաթիռի համակարգերի կրկնակի փորձարկումներով` շարժիչից մինչև հիդրավլիկ համակարգ։
Էրդողանը հայտնել է թուրքական անօդաչու կործանիչի արտադրության մեկնարկի ժամկետները
Թուրքական ղեկավարության մտահղացման համաձայն` սեփական արտադրության 5-րդ սերնդի ինքնաթիռները պետք է փոխարինեն ամերիկյան չորրորդ սերնդի F-16 կործանիչներին, որոնք ծրագրվում է փուլ առ փուլ հանել Թուրքիայի Ռազմաօդային ուժերի սպառազինությունից սկսած 2030 թվականից: