Օդի ջերմաստիճանը այսօր գիշեր կնվազի 5-7 աստիճանով, որոշ մարզերում ձյուն կգա

Արխիվային լուսանկար
Երևանում մինչև հունվարի 15-ը ներառյալ սպասվում է առանց տեղումների եղանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Այսօր գիշեր օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։ Տեղեկությունը հայտնում է հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ըստ կենտրոնի տվյալների` առաջիկա 5 օրերին թույլ ձյուն կտեղա միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, հանրապետության մյուս շրջաններում՝ այդ թվում Երևանում, մինչև հունվարի 15-ը ներառյալ, սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Օդի օրական միջին ջերմաստիճանը շրջանների զգալի մասում այս պահին շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 3-4 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Երեկ գիշեր տեղացած ձյունից հետո, հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով, ձյան ծածկի բարձրությունը Մասրիկի հատվածում կազմում է 22 սմ, Գորիսում և Սիսիանում՝ 10-15 սմ, Շիրակում ձյան ծածկը բացակայում է, իսկ հանրապետության մյուս շրջաններում այն 1-5 սմ է։
Տեղումների քանակը հունվարի 9-ի դրությամբ կազմում է ամսական նորմայի 0-10%-ը, միայն Մասրիկի հատվածում՝ 40%-ը, որը խիստ ցածր ցուցանիշ է։