ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Սյունիքի մարզի Կապան քաղաքում 52-ամյա տղամարդու սպանության մասին։
Ոստիկանության հաղորդմամբ` հունվարի 8-ին՝ ժամը 17:00-ին, Կապանի ոստիկանական բաժին ահազանգ էր ստացվել, որ Գ.Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի 52-ամյա բնակիչը տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է շտապօգնության ավտոմեքենայում:
Դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով և 264-րդ (գույքը ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
52-ամյա տղամարդու տանը զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, բնակարանի գույքը եղել է ջարդված՝ կրկին արնանման հետքերով, իսկ հյուրասենյակը՝ հրկիզված:
Դիակի զննության արդյունքում տուժողի մարմնի վրա հայտնաբերվել են երկու տասնյակից ավելի մարմնական վնասվածքներ:
Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողի 29-ամյա եղբորորդին, որը հարցաքննվել է՝ տալով խոստովանական ցուցմունք, ներկայացնելով քննությանը հետաքրքրող մանրամասներ:
«Ըստ նախնական տվյալների` երիտասարդը հորեղբոր տանն անձնական հարցերի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, տարբեր առարկաներով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև, կարծելով, թե նա մահացած է, պառկեցրել է թախտի վրա և հրկիզել՝ փորձելով թաքցնել կատարածը։Հետո հասկանալով, որ նա չի մահացել, հանգցրել է կրակն ու զանգահարել շտապօգնություն»,– տեղեկացնում են քննչական կոմիտեից։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել առերևույթ հանցագործությունը կատարած անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանություն, որը կատարվել է առանձին դաժանությամբ) քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։