ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Իրանի դատական իշխանության ղեկավար, Գերագույն դատարանի նախագահ Ղոլյամ Հոսեյն Մոհսենի-Էժեին այսօր հայտարարել է բանտերից շուրջ 3 հազար բանտարկյալների ազատ արձակման նախապատրաստման մասին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Mehr գործակալությանը։
«Ես նաև պետք է իմ երախտագիտությունը հայտնեմ ամբողջ երկրի դատական համակարգի իմ գործընկերներին, որոնք կարճ ժամանակահատվածում ապահովեցին ազատման նախապատրաստումը գրեթե երեք հազար բանտարկյալների համար ամբողջ երկրում», - ասել է նա:
Այսօր Fars գործակալությունը հաղորդել է, որ Իրանի դատարանը նախնական մահվան դատավճիռ է կայացրել Սպահան քաղաքում ահաբեկչական հարձակման գործով մեղադրյալների նկատմամբ. այդ ժամանակ իրավապահ համակարգի երեք աշխատակից էր զոհվել:
Հիշեցնենք` Իրանում սեպտեմբերի կեսերից զանգվածային անկարգություններ և բողոքի ցույցեր են տեղի ունենում 22-ամյա Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ: Երկրի բնակիչները իշխանություններին են մեղադրում Մահսայի մահվան մեջ։
Բողոքի ցույցերը արմատական-ծայրահեղական բնույթ են ստացել։ Անկարգությունների մասնակիցները հարձակումներ են գործել հոգևորականների, իրանական մզկիթների վանահայրերի, անվտանգության ուժերի՝ ոստիկանության, ԻՀՊԿ–ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս), ինչպես նաև ռազմական խոշոր կառույցներից մեկի՝ Բասիջի անդամների վրա։
Հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին Իրանում ևս երկու ահաբեկչություն է տեղի ունեցել՝ առաջինը` Շիրազ քաղաքում, երկրորդը ՝ Խուզեստան նահանգի փոքրիկ քաղաքում, որը գտնվում է երկրի հարավում: Ահաբեկիչները կրակ են բացել մի խումբ քաղաքացիական անձանց և ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ։
Իրանի իշխանությունները ցուցարարներին աջակցելու համար մեղադրում են Արևմուտքի երկրներին, որոնք իրենց ԶԼՄ-ներում տարածում են հակաիրանական բնույթի հաղորդագրություններ, ինչպես նաև կոչ են անում երկրի բնակչությանը տապալել իշխանությունը: