ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է ՀՀ մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին` առաջարկելով իրենց ենթակա հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ հաշվի առնելով վերջին օրերի սուր շնչառական վարակների և գրիպի աճը մասնավորապես 0-18 տարեկան երեխաների շրջանում։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
«Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, առաջարկվում է դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նույն հանձնարարականը տրվել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին:
Հակահամաճարակային միջոցառումները դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կիրակականացվեն հունվարի 9-ից:
Հավելենք, որ 3-12-րդ դասարանների աշակերտների ձմեռային արձակուրդն ավարտվել է, և այսօրվանից նրանք հաճախում են դպրոց, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների արձակուրդը կշարունակվի մինչև հունվարի 22-ը ներառյալ: