Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին
Կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ, տեղեկությունը հայտնում են արտգործնախարարությունից: Խումբը Հայաստան է գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:
Արարատ Միրզոյան
Կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 26-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ եվրոպական դիտորդների նոր տեխնիկական առաքելությունն արդեն Հայաստանում է, իսկ հոկտեմբերին Հայաստան ժամանած դիրտորդական խումբն ավարտել է իր առաքելությունը։
ԵՄ դիտորդների նախորդ առաքելությունը Հայաստան էր ժամանել հոկտեմբերին` 2 ամիս ժամկետով։
Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդները սկսել են մոնիթորինգը․ Բորել
Դեկտեմբերի 19-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ–ն մտադիր է Հայաստանում նոր, երկարաժամկետ առաքելություն տեղակայել քաղաքացիական մոնիթորիգի խմբի գործունեության ավարտից հետո։