Ծեծկռտուք Երևանի փաբերից մեկում. 6 աղջիկներից մեկը վիրավոր է

Ոստիկանական մեքենա. Արխիվային լուսանկար
6 երիտասարդ աղջիկներ փաբում վիճաբանության ժամանակ խախտել են հասարակական կարգը, միմյանց ձեռքերով հարվածներ հասցրել ու հնչեցրել հայհոյանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Մի խումբ երիտասարդ աղջիկների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Նալբանդյան փողոցում գործող փաբերից մեկում, հայտնում է shamshyan.com-ը։
Մասնավորապես, հունվարի 7–ին, ժամը 04։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկները փաբի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել մի քանի երիտասարդ աղջիկների. Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Նելլի Ա-ին, 23-ամյա Լիլիթ Մ-ին, 22-ամյա Սոնա Խ-ին, 22-ամյա Ելենա Հ-ին և 25-ամյա Ռոզա Գ-ին։
Պարզվել է նաև, որ նշված հասցեից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 24-ամյա Արևիկ Ս-ն։
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք նույն օրը, ժամը 03։50-ի սահմաններում փաբում վիճաբանության ժամանակ խախտել են հասարակական կարգը, միմյանց ձեռքերով հարվածներ հասցրել ու հնչեցրել հայհոյանքներ։
«Ձերբակալման ժամանակ Ռոզա Գ-ն իր մոտից բացահայտ գցել է պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ առկա է եղել դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված հարմարանք»,–գրում է կայքը։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։