Գյումրիում ոստիկանները բերման ենթարկեցին 102-րդ ՌԴ ռազմաբազայի մոտ ակցիա իրականացնող «Ազգային ժողովրդավարական բևեռ» արմատական կազմակերպության անդամներին և համակիրներին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին բերման ենթարկեցին հավաքների մասին օրենքը խախտելու և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով։
Մասնավորապես, ըստ ոստիկանության պարզաբանման, չի թույլատրվում խոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների ազատ մուտքն ու ելքը։
Հայտնել էինք, որ այսօր Գյումրիում «Ազգային ժողովրդավարական բևեռ» արմատական հակառուսական քաղաքական կազմակերպությունը պլանավորել էր ակցիա անցկացնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի մոտ։ Ավելի վաղ կազմակերպիչները հայտարարել էին, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի համար, որն արդեն 28 օր փակ է մտադիր են արգելափակել 102-րդ բազան։ Այդ նպատակով առավոտյան նրանք Երևանից մեկնել են Գյումրի։