Գեղարքունիքում ողբերգական ավտովթարից 6 անձ մահացել է, այդ թվում 2 երեխա

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Երկու մեքենաների բախման պատճառով հրդեհ էր բռնվել, որն էլ վարորդների և ուղևորների մահվան պատճառ է դարձել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 6 անձ մահացել է, այդ թվում երկու մանկահասակ երեխա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հայտնել էինք, որ հունվարի 7-ին, ժամը 16.10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 62.5-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտունի խոշորացված համայնքի Լիճք բնակավայրի բնակչի վարած «Վազ 21703» մակնիշի և նույն համայնքի Վարդենիկ բնակավայրի բնակչի կողմից վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաները։
«Դրա հետևանքով առաջացած հրդեհից երկու ավտոմեքենաների վարորդները և բոլոր ուղևորները` ընդհանուր վեց անձ, այդ թվում երկու մանկահասակ երեխաներ, մահացել են»,–գրել է
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզի քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Նախաքննություն է ընթանում։