Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը կայցելի Հայաստան

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն. Արխիվային լուսանկար
Ֆրանսիայի ԱԺ նախագահը Հայաստան կժամանի մի խումբ պատգամավորների հետ՝ հաստատելու Ֆրանսիայի խորհրդարանի աջակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։ Այս մասին Ֆրանսիայի ԱԺ նախագահը գրել է Twitter-ում։
«Սուրբ ծննդյան տոների ժամանակ ես չեմ դադարում մտածել հայերի մասին, որոնց ուղարկում եմ իմ հույսերն ու խաղաղության մաղթանքները»,- գրել է խորհրդարանի նախագահը։
Նա Հայաստան կժամանի մի խումբ պատգամավորների՝ Վալերի Ռաբոյի, Ժան Լուի Բուրլանժի, Անն Ժենետեի, Անն-Լորանս Պետելի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը։
Հիշեցնենք` նոյեմբերի 30–ին Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը մի բանաձև ընդունեց, որը խստորեն դատապարտում է սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ և պահանջում է անհապաղ դուրս գալ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից։ Նոյեմբերի 15-ին նման բանաձև էր ընդունել նաև Ֆրանսիայի Սենատը (խորհրդարանի Վերին պալատը)։