«Ժոզեպ Բորե՛լ, պետք է գործել». ԵԽ պատգամավորը` Լաչինում ստեղծված իրավիճակի մասին

Պետեր վան Դալենը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ԵԽ պատգամավոր, «ԼՂ–ի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի նախագծի համահեղինակ Պետեր վան Դալենը կոչով դիմել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելին` Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար քայլեր ձեռնարկելու կոչով։
«Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական շրջափակման դաժան հետևանքները` դատարկ խանութներ ու հուսահատ մարդիկ։ Ինչո՞ւ է ԵՄ-ն այդքան լուռ։ Չեմ հասկանում։ Ժոզեպ Բորե՛լ, պետք է գործել հիմա»,– Twitter-ի իր էջում գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ից ի վեր 10 հիվանդ էր Արցախից տեղափոխվել ՀՀ տարբեր ԲԿ–ներ։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։