ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Տևական ժամանակ արգելափակված է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար աղետի: Այս ծանր իրավիճակում մեր դեմ ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար մենք կարիք ունենք սրտով, հոգով, մտքով մաքրվելու, Քրիստոսով վերափոխվելու և միակամ դառնալու ազգի և հայրենիքի առջև մեր հանձնառությունների մեջ։ Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով պատգամի իր խոսքում այս մասին ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2–րդ Ամենայն հայոց կաթողիկոսի պատգամը։
«Պատմական փորձառությամբ գիտենք, որ նեղություններից հաղթանակած ենք դուրս եկել, երբ եղել ենք միաբանված ընդհանրական նպատակների շուրջ։ Քրիստոսով նորոգված, Քրիստոսով միասնական, Աստծո շավիղներով քայլելով` մենք, ինչպես առաքյալն է ասում, մեզ պաշարած փորձություններից այսօր էլ հաղթական պիտի դուրս գանք»,-ասել է կաթողիկոսը։
Նա նշել է, որ պետք է զորանալ հայրենիքի սիրով և ամեն կերպ սատարել Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում դժվարություններ կրող հայրենակիցներին։ Պետք է գիտակցել, որ պատասխանատու ենք հայրենիքի ու սերունդների առջև և վտանգի չենթարկել մեր անկախ պետականությունը։
Կաթողիկոսը Սուրբ ծննդյան պատարագի ժամանակ նաև իր խոսքն է հղել արցախցիներին․
«Սիրելի՛ արցախցիներ, մեր ժողովրդի մտածումներն ու հայացքներն այս օրերին առավելաբար ձեզ են ուղղված։ Դուք, որ դժվարությունների առջև երբեք չեք ընկրկել ու չեք նահանջել, այսօր էլ տոկունությամբ շարունակում եք հերոսաբար պայքարել հանուն ձեր ազատ ու անկախ կյանքի, հանուն պատմական արդարության վերականգնման։ Ձեր քաջ նախնյաց փառավոր օրինակով հաստատուն ու աննկուն մնացեք հայրենի հողում ապրելու և արարելու վճռականության մեջ: Մեր սուրբ եկեղեցին աշխարհասփյուռ իր թեմերով ձեզ հետ է, աջակից ու զորակից ձեզ»,- ասել է Գարեգին Բ-ն։
Նա ընդգծել է, որ արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության արդար պահանջը հաղթանակելու է համայն հայության ջանքերով և միջազգային հանրության սատարումով։
«Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ մեր ժողովուրդը իրեն պատած խավարի մեջ պիտի լույս ծագեցնի և դիմագրավի իր կյանքում ծառացած լրջագույն մարտահրավերներին»,–ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը։
Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Սուրբ ծնունդը: Տոնը սկսվում է հունվարի 5-ի ժամը 17:00-ից` Ճրագալույցի սուրբ պատարագով: