Մոսկվայում Լատվիայի դեսպանատան մոտ Sputnik Լիտվայի գլխավոր խմբագիր Մարատ Կասեմին սատարող ակցիա է անցկացվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Տասնյակ մարդիկ, տեղեկանալով ակցիայի մասին, չնայած ցրտին` հավաքվել են դիվանագիտական առաքելության շենքի մոտ։
Նրանք պաստառներ են բռնել, որոնց վրա գրված է. «Ազատությո՛ւն Մարատ Կասեմին», «Մարա՛տ, մենք քեզ հետ ենք», «Ո՞ւր է խոսքի ազատությունը, Լատվիա՛», «ԵՄ խարտիան դուրս է եկել ԵՄ-ից», «ԵՄ, պատրա՞ստ ես դատապարտել»։
Ակցիային ներկա է եղել նաև «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։ Նրա ձեռքին նույնպես պաստառ է եղել. «Ձեռքներդ հեռո՛ւ ռուս լրագրողներից»։
«Մենք հավաքվել ենք, որպեսզի կոչ անենք ազատ արձակել մեր ընկերոջը և բոլորին ասել. «Ազատությո՛ւն Մարատ Կասեմին»,- ասել է Կիսելյովը:
Դեսպանատան մոտ իրավապահների միկրոավտոբուս և մարդատար ավտոմեքենա է եղել։ Հավաքվածներից ոչ մեկին բերման չեն ենթարկել։
Մարատ Կասեմը Լատվիայի քաղաքացի է, մի քանի տարի է` ապրում և աշխատում է Մոսկվայում «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում, որի մեջ ընդգրկված է նաև Sputnik Լիտվան։ Դեկտեմբերի 30-ին լրագրողը ընտանեկան պատճառներով Լատվիա է մեկնել և ձերբակալվել, իսկ հունվարի 5-ին Ռիգայի դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։ Կասեմին արդեն տեղափոխել են Ռիգայի կենտրոնական բանտ։