ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հայաստանում 2022 թվականի «Լավագույն ուսանող» անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում հաղթող են ճանաչվել 33 ուսանողներ, մրցանակային ֆոնդը կազմել է 12 միլիոն դրամ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
1-ին տեղը զբաղեցրել են 13 ուսանողներ, որոնց կշնորհվի 458.000-ական դրամ, 2-րդ տեղը՝ 12 ուսանողներ, որոնք կստանան 348 000-ական դրամ, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 8 ուսանողների կշնորհվի 233 000-ական դրամ կրթաթոշակ:
Մրցույթն անցկացվել է ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով, բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով հետևյալ ոլորտներում՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ:
Նշենք, որ «Լավագույն ուսանող» մրցույթն անցկացվում է համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման կարգի։
Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում: