ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am հարթակից։
Կճոյանը պետք է վարչություն ներկայանա 2023 թվականի հունվարի 11 ին՝ ժամը 11:30-ին։
Նշվում է, որ նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Հիշեցնենք` 2013թ–ին մամուլը գրեց, որ Կճոյանի անունը կապված է օֆշորային գործարքի հետ։ Սրբազանը հերքեց մամուլում տարածված լուրերը` նշելով, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ առաքելական եկեղեցուն․ գաղտնի և ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին:
2020 թվականի ապրիլի 15-ին ԱԱԾ–ն հայտարարություն տարածեց, որ քրեական գործերից մեկի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին:
Կճոյանի փաստաբան Հովիկ Արսենյանը Sputnik Արմենիային ասաց, որ իր պաշտպանյալը հարցաքննվել է տվյալ քրեական գործով որպես մեղադրյալ, մինչդեռ գործն ի սկզբանե հարուցվել է առանց նրան որպես վկա հարցաքննելու:
2022 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ երկու տարի տևած նախաքննությունից հետո քրգործը կարճվել է։