ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի կառավարման ու ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունում կազմված աշխատանքային խումբը, որը գլխավորում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, անցնող օրերի ընթացքում արդեն մի քանի նիստ է գումարել և իրավիճակից բխող որոշումներ կայացրել։ ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԼՂ–ում ստեղծված հումանիտար ճգնաժամի կառավարման ու ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով ՀՀ կառավարության աշխատանքային խումբը ստեղծվել է 2022թ դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետի որոշմամբ։
«Խումբը գործունեությունը կշարունակի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,– ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ Լաչինի միջանցքի շրջափակումն է՛լ ավելի անհրաժեշտ է դարձնում միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը ԼՂ և Լաչինի միջանցք։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։