ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Դատավոր Մնացական Մարտիրոսյանին Հակակառուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցանկից հանելը պատահական չի եղել: Այս մասին հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին։
«Մեզ հասած տեղեկությունների համաձայն` քաղաքական իշխանությունները նրան անձամբ են կանչել և ասել, որ իր անվան շուրջ հանրային հնչեղությունն այնքան մեծ ու բացասական է եղել, որ լավ կլինի` նա հանի իր թեկնածությունը և դիմում գրի, ինչն էլ Մնացականյանն արել է»,–գրում է թերթը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել Մնացական Մարտիրոսյանին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:
Որոշման համաձայն` Մնացական Մարտիրոսյանը չի տեղափոխվի Հակակոռուպցիոն դատարան, այլ կշարունակի պաշտոնավարումը որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: