ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հաջորդ շաբաթների ընթացքում Լաչինի միջանցքի հետ կապված քայլերի կտրուկ ակտիվացում կլինի սփյուռքում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Սփյուռքը տարբեր քայլերի է դիմում։ Իհարկե, հանրությունն ավելի բուռն արձագանք էր սպասում, ինչպիսին կար պատերազմի ընթացքում։ Սակայն ինչ-ինչ պատճառներով այդ արձագանքը մեղմ է, ինչը կապված է մի շարք գործոնների հետ` ինչ-որ ապատիա կա, ինքնակազմակերպման ու համայնքների ներսում այլ խնդիրներ կան»,–ասաց Սինանյանը։
Նա վստահեցրեց, որ այդ հարցի հետ կապված մոբիլիզացրել են ռեսուրսները` ոչ միայն համայնքային կառույցների իմաստով, այլ նաև սփյուռքի երիտասարդ դեսպաններն են ակտիվ աշխատում բոլոր երկրներում։
Սինանյանը հիշեցրեց, որ երեկ Լոս Անջելեսի քաղաքապետը Քարեն Բասը հայտարարությամբ է հանդես եկել` ասելով, որ ջանքեր կգործադրի, որպեսզի ԱՄՆ–ն ավելի ներգրավված լինի Լաչինի միջանցքի բացման հարցում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։