ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը` որպես նախաքննական մարմնի ղեկավար, հիմնավորված է համարում Արցախի պաշտպանության բանակի նախկին երկու հրամանատարներին` Ջալալ Հարությունյանին և Միքայել Արզումանյանին ներկայացված մեղադրանքները։ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում նա նշեց, որ ՊԲ նախկին հրամանատարների նկատմամբ 2-ական դրվագով քրեական հետապնդումներ են հարուցվել։ Դրվագների մի մասով քննությունն արդեն լրիվ ավարտական փուլում է, իսկ մյուս մասով քննությունը դեռ շարունակվում է։
«Թե՛ Միքայել Արզումանյանի, թե՛ Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեկական դրվագ կա, որոնք ավարտական փուլում են»,– ասաց Քյարամյանը։
Հարցին, թե արդյոք այս փուլում կարելի է ապացույցների մասին խոսել, Քյարամյանը նշեց` ընթացիկ քրեական վարույթում ապացույցներ բացելը նպատակահարմար չի համարում։
Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ:
Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։Առաջադրված մեղադրանքը բաղկացած է երկու դրվագից, որոնցից առաջինը վերաբերում է 2020թ հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման օպերացիային, երկրորդը՝ 2020թ հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը (2021-ի փետրվարի 4-ին Ջալալ Հարությունյանը նշանակվել էր ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ):