Տավուշի մարզում «Ճապկուտ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, հայտնում է ԱԻՆ-ը։
Հունվարի 3-ին` ժամը 10։42-ին, ահազանգ էր ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին հարակից անտառի «Ճապկուտ» կոչվող հանդամասում կան ծխացող օջախներ: Որոշ ժամանակ հրդեհաշիջման աշխատանքներ կատարելուց հետո մթության և բարդ ռելիեֆի պատճառով դրանք ժամանակավորապես դադարեցվել էին։
«Հունվարի 4-ին` ժամը 07։40-ին, «Ճապկուտ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Անտառամիջյան տարածքում այրվում են չորացած տերևներ, կոճղեր և խոտածածկույթ (մոտ 7 հա)»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 24 փրկարարական ծառայող։