ՌԴ ՆԳՆ-ն փորձում է բացառել միգրանտների կեղծ ամուսնությունները Ռուսաստանում

Արխիվային լուսանկար
Ներկա պահին տվյալ օրինագծի վերաբերյալ միջգերատեսչական համաձայնեցման ընթացակարգ է անցկացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՌԴ ՆԳՆ–ն օրենքի նախագիծ է նախապատրաստել` ուղղված երկրում սեփական կարգավիճակն օրինականացնելու համար օտարերկրացիների կողմից կեղծ ամուսնություններ կնքելն ու կեղծ հայրություն ճանաչելը բացառելուն։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
«Ներկայում Ռուսաստանի ՆԳՆ–ն դաշնային օրենքի նախագիծ է մշակել, որն ուղղված է օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ապօրինի քաղաքացիություն ստանալու համար կեղծ ամուսնությունների կիրառումն ու հայրության կեղծ ճանաչումը բացառելու մասով միգրացիոն օրենսդրության կատարելագործմանը», – ասել է նա։
Վոլկը նշել է, որ ներկա պահին տվյալ օրինագծի վերաբերյալ միջգերատեսչական համաձայնեցման ընթացակարգ է իրականացվում։ Նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում ՌԴ ՆԳՆ տարածքային մարմինների կողմից նախկինում ՌԴ–ում բնակվելու համար օտարերկրացիներին տված թույլտվությունների չեղարկման մոտ 400 որոշում է կայացվել՝ կապված ՌԴ քաղաքացու հետ տվյալ անձանց ամուսնությունը դատական կարգով անօրինական ճանաչելու հետ։
«ՌԴ քաղաքացիության մասին» գործող օրենքը նախատեսում է, որ օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք կարող են հավակնել ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգին, եթե հանդիսանում են ամուսիններ ՌԴ քաղաքացու հետ ոչ պակաս քան 3 տարի, ինչպես նաև առանց այդ ժամկետի պահպանման, եթե ընտանիքում ընդհանուր երեխա կա։