Նախատեսվում է այս տարի ամռանը Սևանում ունենալ ևս 3 հանրային լողափ

Նիկոլ Փաշինյան
Մինչ այս տարեվերջյան հաշվետվություններ են ներկայացրել արտաքին գործերի, առողջապահության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու մի քանի այլ նախարարություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվել է գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվության քննարկումը, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարության մի շարք ծրագրերի ընթացքի վերաբերյալ, մասնավորապես Սևանա լճի մակարդակի բարձրացման, ափամերձ հատվածի մաքրման աշխատանքների, հանրային լողափերի բարեկարգման ու կազմակերպման ուղղությամբ իրականացված քայլերի, ինչպես նաև սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի համակարգի, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի հետագա գործունեության, կողակ ձկնատեսակի վերականգնման ծրագրերի վերաբերյալ:
Նշվել է, որ հաշվետու տարում սիգի արդյունագործական որսի ծրագրի շրջանակում պետության հետ համագործակցող ձկնորսների թիվը հասել է 800-ի, 2022 թվականից արգելվում է սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանի Հանրապետությունից։ Նախատեսվում է այս տարի ամռանը ունենալ ևս 3 հանրային լողափ՝ համապատասխան կահավորմամբ և անվճար ծառայությունների ցանկով: Աշխատանք է տարվում կեղտաջրերի մաքրման կայանների արդիականացման ուղղությամբ:
Զեկուցվել է, որ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում 2018-2022թթ. ջերմաարդիականացվել է շուրջ 140 շենք, որից 100-ը՝ բնակելի:
Ներկայացվել խորքային հորերի լուծարման և/կամ կոնսերվացման ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները, նշվել է, որ դրանց քանակը հստակեցվել է, այժմ ամփոփվում են աշխատանքների իրականացման և տեխնիկական վերահսկողության համար անցկացված մրցույթները:
Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվել է 2022 թ. գործունեության հաշվետվության քննարկումը
Քննարկման առարկա են դարձել նաև բնության հուշարձանների հայտնաբերման ու սահմանման, ՊՈԱԿ-ների կառավարման ու գործունեության արդյունավետության բարձրացման, ընդերքօգտագործման թափոնների ռեկուլտիվացման, անտառտնկման ուղղությամբ կատարված միջոցառումները:
Հիշեցնենք, որ մինչ այս տարեվերջյան հաշվետվություններ են ներկայացրել արտաքին գործերի, առողջապահության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու մի քանի այլ նախարարություններ։