Մայր աթոռի պատվիրակությունը կմասնակցի Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հուղարկավորությանը

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հուղարկավորությունը հունվարի 5-ին է, նրա աճյունը կամփոփեն Սուրբ Պետրոս տաճարի տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Մայր աթոռի պատվիրակությունը կմասնակցի Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս 16-րդի հուղարկավորությանը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը։
«Պատվիրակության կազմում են Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր աթոռ սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Գերաշնորհ տերԽաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ տերԲագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի հայրապետական պատվիրակ գերաշնորհ տերՏիրան եպիսկոպոս Պետրոսյանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հուղարկավորությունը վաղն է` հունվարի 5-ին: Իր ցանկության համաձայն` Բենեդիկտոս 16-րդին կհուղարկավորեն Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի նախնական թաղման վայրում` Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի խորանի տակ։ Սրբադասվելուց հետո Հովհաննես Պողոս 2-րդի մասունքները տեղափոխվել են տաճարի վերին մաս։
Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մեկնարկել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI–ի վերրջին հրաժեշտի արարողությունը։ Դեկտեմբերի 31-ին հայտնի դարձավ, որ 95 տարեկանում մահացել է հանգստի անցած Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը, որը կաթոլիկ եկեղեցու հովվապետի գահը զբաղեցրել էր 2005 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի փետրվարը։ 2013 թվականի փետրվարի 11-ին նա անսպասելի հայտարեց, որ որոշել է հրաժարվել գահից։ Այդ ժամանակից ի վեր նա ապրում էր Վատիկանի այգիներում գտնվող Mater Ecclesiae փոքրիկ վանքում: