ՀՀ գլխավոր դատախազը կարգապահական տույժ է նշանակել նախկին զինվորական դատախազի նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազություն
Նախկին զինվորական դատախազը համաձայնության է եկել զինծառայողների ու նրանց պաշտպանների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik.ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Գորիսի կայազորի զինվորական դատախազության նախկին դատախազի (ներկայում՝ Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ) նկատմամբ նշանակել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազաության մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ վերոհիշյալ անձը լինելով դատական երկու գործերով հանրային մեղադրող՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ է կատարել:
«Պատասխանատու լինելով հանրային մեղադրանքը պաշտպանելու իրավաչափության համար, դատական երկու գործերով առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործության կատարման մեջ մեղադրվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Ա.Մ.-ի և Ե.Ղ.-ի, ինչպես նաև Ն.Ղ.-ի ու նրանց պաշտպանների հետ համաձայնեցման վարույթների շրջանակներում իրականացրել է բանակցություններ: Դրանց արդյունքում մեղադրողը կողմերի հետ համաձայնության է եկել ոչ մեծ ծանրության հանցանքներ կատարած մեղադրյալների նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու վերաբերյալ, այն դեպքում, երբ Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման»,– ասված է հաղորդագրությունում:
Նշված է նաև, որ Ա.Մ.-ի և Ե.Ղ.-ի ու նրանց պաշտպանների հետ կնքված համաձայնությունների հիման վրա՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, չնայած Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորմանը, 2022 թվականի հուլիսի 15-ին կայացրած դատավճռով Ա.Մ.-ին մեղավոր է ճանաչել հանցագործության կատարման մեջ և նշանակել պատիժ՝ ազատազրկում 7 ամիս ժամկետով, իսկ Ե.Ղ.-ին մեղավոր ճանաչելով՝ նշանակել է պատիժ՝ ազատազրկում 9 ամիս ժամկետով ։ Նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելով՝ դատարանը սահմանել է փորձաշրջան՝ համապատասխանաբար՝ 1 տարի 6 ամիս և 1 տարի 5 ամիս ժամկետով:
Իսկ Ն.Ղ.-ի և նրա պաշտպանի հետ համաձայնեցման վարույթի շրջանակներում կնքված համաձայնության հիման վրա ՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, չնայած Քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորմանը, 2022 թվականի հուլիսի 15-ին կայացրած դատավճռով Ն.Ղ.-ին մեղավոր է ճանաչել և նշանակել պատիժ՝ ազատազրկում 5 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չկիրառելով՝ դատարանը սահմանել է փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով: