ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 20-ից ավելի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է թվայնացման ոլորտի բարեփոխումները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Քննարկում ՀՀ արդարադատության նախարարի հետ
Հաղորդագրության համաձայն` օրակարգում են եղել արդարադատության նախարարության կողմից 2023 թվականի թվայնացման ուղղությամբ անցկացվելիք մրցույթներին և դրանց առանձնահատկություններին վերաբերող հարցերը: Նախարարի կողմից ընդգծվել է մասնավոր ոլորտի ակտիվ ներգրավվածության կարևորությունը՝ ռազմավարական նպատակների իրականացման հարցում:
Հանդիպմանը քննարկվել են նաև դատարանների թվայնացման արդյունքում ստեղծվող ծրագրերի ընդունման գործընթացում մասնագիտացված կառույցի ներգրավման անհրաժեշտությունը և ոլորտային պետական գնումների գործընթացին առնչվող մի շարք հարցեր:
Արդյունքում ընկերությունների կողմից հնչեցվել են մի շարք մտահոգություններ և առաջարկներ, կայացվել են որոշումներ` ուղղված ինչպես խնդիրների կարճաժամկետ, այնպես էլ վերջնական լուծմանը:
Երկուստեք ընդգծվել է նմանատիպ հանդիպումների կարևորությունը և արդյունավետությունը։