Համավարակից հետո առաջին անգամ ճապոնացիները կարողացել են գնալ կայսր Նարուհիտոյի պալատի մոտ, որպեսզի շնորհավորեն միապետի և նրա ընտանիքի Նոր տարին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Վերջին անգամ նման հնարավորություն էր եղել 2020 թվականի հունվարի 2-ին, դրանից հետո ավանդական այցը չեղարկվել էր, որպեսզի բազմության մեջ կորոնավիրուս չտարածվի։ Այն ժամանակ, ինչպես և նախորդ տարիներին, յուրաքանչյուր ցանկացող կարող էր գնալ կայսեր պալատի մոտ և, որոշ ժամանակ հերթի մեջ սպասելով, մտնել պալատամերձ հրապարակ, այնուհետև ողջունել կայսերական ընտանիքին, որը օրը մի քանի անգամ դուրս էր գալիս ապակեպատ պատշգամբ, իսկ կայսրը շնորհավորական կարճ ուղերձ էր հղում։
Այս տարի, չնայած կորոնավիրուսի հետ կապված գրեթե բոլոր սահմանափակումների չեղարկմանը, մերձպալատական հրապարակ այցելելը սովորականի պես չի եղել։
Ցանկացողները դեռ նոյեմբերին են հայտեր ներկայացրել, և նրանք, ովքեր այսօր կարող են անձամբ տեսնել կայսրին, վիճակահանությամբ են ընտրվել։
Կայսերական պալատի տվյալով` 102 հազար ցանկացողներից 9606 մարդ է ընտրվել։
Պալատ այցելելու իրավունք ստացածներն այսօր հերթ են կանգնել տարածք մտնելու համար։ Նրանց ներս են թողնում միայն այն ժամանակ, երբ դուրս է գալիս նախորդ 1500–հոգանոց խումբը։ Կայսրն իր ընտանիքի հետ այսօր ժողովրդի առաջ դուրս կգա 6 անգամ։
«Շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա կապակցությամբ։ Գրեթե շուրջ երեք տարի մենք ծանր ժամանակներ ապրեցինք կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով։ Եվ այսօր ուրախ եմ, որ կարող եմ ձեզ հետ տոնել Ամանորը։ Կարծում եմ` դեռ շատ դժվարություններ կան, բայց ցանկանում եմ, որ ձեզ համար հանգիստ և լավ տարի լինի։ Աղոթում եմ, որ մեր երկրում և աշխարհում մարդիկ երջանիկ լինեն»,– ասել է միապետը, երբ առաջին անգամ դուրս է եկել ժողովրդի առաջ։
Ի դեպ, ովքեր չեն կարողացել հայտնվել հրապարակում, կարող են նամակով շնորհավորել կայսրին։ Անցնելով ոստիկանների երեք խմբի և պալատի աշխատակիցների միջով (սանիտարահամաճարակային ստուգում, իրերի զննում և անձնական ստուգում մետաղորսիչով)` նրանք մոտենում են վրաններին, որտեղ շնորհավորական թերթիկների վրա գրում են իրենց անունն ու շրջանը։ Երեկոյան պալատը կհայտարարի, թե քանի մարդ է գնացել միապետին շնորհավորելու։