Հարավային Կորեայի ՊՆ-ն սպառնացել է Կիմ Չեն Ինի ռեժիմին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը. Արխիվային լուսանկար
Գերատեսչությունը մեղադրել է Փհենյանին «պատերազմ սկսելու պատրաստակամության» մեջ ու կոչ է արել ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել միջուկային մշակումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կոչ է արել մեծացնել երկրի միջուկային զինանոցը «էքսպոնենցիալ պրոգրեսիայով», Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ միջուկային զենք կիրառելու Հյուսիսային Կորեայի ցանկացած փորձ «կհանգեցնի ռեժիմի անկման»: Տեղեկությունը հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը։
Ավելի վաղ Կիմ Չեն Ինը հայտարարել էր երկրի միջուկային ուժերի ուժեղացման, միջուկային մարտագլխիկների զանգվածային արտադրության, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների նոր համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին: ԿԺԴՀ-ի առաջնորդը հայտարարել էր, որ իրավիճակը, երբ «Հարավկորեական խամաճիկները», ակնհայտորեն, դարձել են Հյուսիսային Կորեայի թշնամին, պահանջում է ԿԺԴՀ-ի սպառազինության մեջ միջուկային մարտալիցքերի քանակի ավելացում «երկրաչափական պրոգրեսիայով», ու ընդգծել է մարտավարական միջուկային զենքի զանգվածային արտադրության կարևորությունն ու անհրաժեշտությունը:
«Մենք լրջորեն զգուշացնում ենք, որ եթե Հյուսիսային Կորեան միջուկային զենքի կիրառման փորձ ձեռնարկի, դա կհանգեցնի Կիմ Չեն Ինի ռեժիմի անկմանը», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը Փհենյանին մեղադրել է «պատերազմ սկսելու պատրաստակամության» մեջ, կոչ է արել ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել միջուկային մշակումները և վերադառնալ ապամիջուկայնացման` համարելով դա հյուսիսկորեացի ժողովրդի կենսապայմանները բարելավելու «միակ միջոցը»:
Հարավային Կորեան խոստացել է նաև «կոշտ պատասխանել» Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային սպառնալիքներին իր «եռաառանցքային» պաշտպանական համակարգի արմատական ամրապնդման միջոցով, որը բաղկացած է «զանգվածային պատժի և հատուցման» համակարգից, որը ԿԺԴՀ-ի կողմից հարձակման դեպքում հրթիռների զանգվածային արձակմամբ պատասխան է ենթադրում։