ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik․ Այս տարի Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժությունները։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս Հայաստանի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի «Անխախտ եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը», - նշված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանի ռազմական օկրուգների զորավարժարաններում 2023 թվականին նախատեսվում է ութ երկկողմ զորավարժություն անցկացնել ։
«Բոլոր զորավարժությունները խաղաղապահ և հակաահաբեկչական ուղղվածություն են կրելու», - ասել են նախարարությունից:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ դրանք են «Ինդրա-2023» ռուս-հնդկական միջտեսակային զորավարժությունները, ՇՀԿ անդամ պետությունների «Խաղաղ առաքելություն-2023» համատեղ ռազմական հակաահաբեկչական հրամանատարաշտաբային զորավարժությունները, ռուս-լաոսական համատեղ զորավարժությունները, «Բարեկամություն-2023», ռուս-պակիստանյան համատեղ զորավարժությունները:
Հաղորդագրության մեջ նշված է, որ ծրագրերում կան նաև ռուս-ալժիրյան համատեղ զորավարժությունները, «Ռուբեժ-2023» Կենտրոնասիական տարածաշրջանի արագ տեղակայման հավաքական ուժերի ստորաբաժանումների հետ համատեղ վարժանքները, «Սելենգա-2023» ռուս-մոնղոլական համատեղ վարժանքները և ռուս-վիետնամական համատեղ վարժանքները։
Զորավարժությունների ընթացքում կմշակվեն ռազմական գործողությունների համատեղ պլանավորման հարցերը, մասնակից երկրների ցամաքային զորքերի շտաբների ու ստորաբաժանումների ներկայացուցիչների փոխգործակցության կարգը, ինչպես նաև պայմանական անօրինական զինված կազմավորումների չեզոքացմանն ուղղված մարտավարական գործողությունները»։