Եկամտի հայտարարագիր ներկայացնող որոշ անձինք ստիպված կլինեն հարկ վճարել. ինչ կփոխվի 2023-ին

Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ նպատակ է հետապնդում եկամուտների հայտարարագրումը, ում վրա ինչպես կարող է անդրադառնալ նոր համակարգը։
Sputnik
2023թ–ի հունվարի 1-ից Հայաստանում մեկնարկում է եկամուտների հայտարարագրման առաջին փուլը։
Դա, սակայն, չի նշանակում, թե ՀՀ բոլոր քաղաքացիները հենց հունվարի 1-ից պետք է սկսեն հաշվել իրենց ստացած գումարներն ու արդյունքը ներկայացնեն պետությանը։
Իրականում 2023թ–ի եկամուտների մասին հաշվետվությունները կսկսեն նրկայացնել միայն 2024թ–ի կեսին։ Մինչ այդ պետությունը դեռ պետք է հացնի ստեղծել հայտարարագրման էլկտրոնային համակարգը, մշակել հայտարարագրի էլեկտրոնային հարցաթերթիկը, վերջնականապես ճշտել, թե ինչ հարցերի պետք է պատասխանի հայտարարատուն, իր որ եկամուտները պետք է ներկայացնի, որոնք` ոչ։
Ի՞նչ է իրենից նեկայացնելու նոր համակարգը, ե՞րբ ու ինչպե՞ս է այն կիրառվելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հարցերին պատասխանել է ՀՀ ֆինանսների նախարարւոթյան եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը։
Խնդիրներ լինելու են. ֆիննախը և ՊԵԿ–ը պատրաստվում են եկամուտների հայտարարագրման գործընթացին
Հայտարարագրման առաջին փուլը, նրա խոսքով, վերաբերելու է միայն իրավաբանական անձանց` ընկերություններին ու ՀՀ հանրային ծառայողներին։ Ընդ որում, 2023թ–ի տարեկան եկամուտների մասին հայտարարագիր նրանք կներկայացնեն միայն 2024թ–ի մայիսին։
Մասնավոր ընկերություններում աշխատող քաղաքացիներն ու ԱՁ–երը հայտարարագրեր կներկայացնեն 2024թ–ից սկսած։ Նրանց համար համակարգը կսկսի գործել 2025թ–ի մայիսից։
ՀՀ մնացած քաղաքացիների եկամուտները հայտարարագրելու հերթը կհասնի 2026թ–ին` համակարգի ներդրման վերջին` երրորդ փուլում։
Ֆիննախի պաշտոնյան հայտնեց, որ հայտարարագրման էլեկտրոնային համակարգը գործարկելու համար ՊԵԿ–ում դեռ պետք է տեխնիկական վերազինում իրականացնեն, քանի որ գործող համակարգը նախատեված չէ նման ծանրաբեռվածության համար։ Ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ–ը ներկա պահին նաև հայտարարագրի նմուշի վրա են աշխատում հնարավորինս պարզ ու հեշտ լրացվող տարբերակ ընտրելու համար։ Օրի Ալավերդյանի խոսքով` այդ նպատակով կառավարությունում ուսումնասիրում են միջազգային փորձը։
Հստակ է մի բան` հայտարարատուն պարտավոր է նշել իր բոլոր եկամուտները` աշխատավարձից մինչև ինչ–որ ծառայությունների կամ գործունեության դիմաց ստացած եկամուտներ (օրինակ` բնակարանի վարձակալության դիմաց ստացած գումարի չափը)։
«Ֆիզիկական անձինք, ստանալով եկամուտներ, որոնք գործող օրենսդրությամբ հարկվող են, տարին մեկ անգամ` ապրիլի 20-ին, պետք է հայտարարգիր ներկայացնեն ու հարկեր վճարեն։ Բայց այդ պրակտիկան, սովորույթը մեզ մոտ ձևավորված չէ, ու մարդիկ հիմնականում չեն վճարում հարկերը։ Հայտարարագրման համակարգի ներդրման պարագայում արդեն ստիպված են լինելու իրենց այդ եկամուտը հայտարարագրել ու հարկերը վճարել»,– ասաց Ալավերդյանը` միաժամանակ հստակցնելով, որ խոսքը միայն գործող օրենքով հարկվող եկամուտների մասին է։ Օրենքով չհարկվող եկամուտը հայտարարագրելու դեպքում քաղաքացու հարկային բեռը որևէ կերպ չի ավելանալու։
Արտագնա աշխատանքով վաստակած եկամուտները ևս ենթակա են լինելու հայտարարագրման։ Ընդ որում, արտերկրում աշխատած գումարը ևս հայաստանյան օրենսդրությամբ ենթակա է հարկման, թեև արտագնա աշխատանքի մեկնողներից շատերն անգամ տեղյակ էլ չեն, որ հարկային պարտավորություններ ունեն, որոնց մեծությունը կախված է եկամտի ծագման երկրում արդեն վճարած հարկերի չափից։
«Եթե իրենք ՌԴ–ում, օրինակ, հարկեր վճարում են, այդ հարկերի մասին տեղեկատվությունը բերում են Հայաստան։ Այնտեղ վճարած հարկերի գումարը հանվում է մեր երկրում գործող հարկային դրույքաչափերից, ու, եթե տարբերություն է առաջանում, այն այստեղ վճարվում է»,–պարզաբանեց Ալավերդյանը։
Արտագնա աշխատողները հայտարարագիր չեն ներկայացնի
Այդուհանդերձ, ֆինանսների նախարարության ներկայացուցչի դիտարկմամբ, եկամուտների հայտարարագրման համակարգի նպատակը ոչ թե քաղաքացիների եկամուտները հարկելն է, այլ սոցիալական երաշխիքներ ապահովելը։
«Պետությունն, ըստ էության, խնդրում է քաղաքացիներին հայտարարագրել իրենց եկամուտները` փոխարենը խոստանալով փոխհատուցել որոշակի սոցիալական ծախսերը` կրթության, առողջապահության ու բնակարանային ապահովության»,– ասաց մեր զրուցակիցը։
Իսկ համակարգի վերջնական նպատակը նրա խոսքով, ընտանիքի իրական եկամտի մասին ամբողջական պատկերացում ունենալն է, որպեսզի պետությունը կարողանա սոցիալական աջակցություններն առավել հասցեական ու թիրախային դարձնել։
Ինչ վերաբերում է քաղաքացիների` արտերկրից ստացած դրամական փոխանցումներին կամ ստացած դրամական նվիրատվություններին, դրանց մասին տեղեկություններ հայտարարագրում ներառել– չներառելու հարցը ևս դեռ վերջնականապես որոշված չէ։ Օրի Ալավերդյանը չի բացառում, որ ընտանիքի եկամուտների ճշգրիտ հաշվարկի նպատակով կարիք կլինի հայտարարագրել նաև նվիրատվություններն ու փոխանցումները։ Բայց դրանից քաղաքացիների հարկային բեռը չի ավելանա, քանի որ այս եկամուտները ՀՀ գործող օրենսդրությամբ հարկման ենթակա չեն։
Բացի այդ, եթե անգամ որոշվի, որ նվիրատվությունները պետք է ներառվեն հայտարարագրերում, նվիրատուի անձը բացահայտելու պահանջ քաղաքացուն չի ներկայացվի։ Ալավերդյանի պնդմամբ` դա պետությանը չի հետաքրքրում։
Հայտարարագրման համակարգը չի ենթադրում նաև քաղաքացու հայտարարագրած եկամուտների ու կատարած ծախսերի համեմատություն։
Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը ունենալու է հակակոռուպցիոն էֆեկտ. Փաշինյան
Մեր զրուցակիցը չի բացառում, որ «քաղաքացիները ծախսեր կատարեն ոչ թե հաշվետու տարում ստացած եկամուտներից, այլ «բարձի տակ պահած գումարներից»։ Հետևաբար, եթե քաղաքացին ավելի շատ գումար է ծախսել, քան ստացել է տարվա ընթացքում, դա դեռ չի նշանակում, թե նա թաքցրել է իր իրական եկամուտը։
Կառավարության մոտավոր հաշվարկներով` 2024թ–ի մայիսին` հայտարարագրման համակարգի գործարկման առաջին փուլում, համակարգում կներառվի մինչև 100 000 մարդ, երկրորդ փուլում` մի քանի հարյուր հազար, իսկ երրորդ փուլը կներառի ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիերին, այդ թվում` գործազուրկներին ու գյուղաբնակներին։
Սահմանված ժամկետներում եկամուտների հայտարարագիր չներկայացնելու դեպքում պետությունից նախազգուշացում կգա։ Նախազգուշացումը ստանալուց հետո 30–օրյա ժամկետում հայտարարագիր չներկայացնելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 5000 դրամով, իսկ իրավաբանական անձինք` 50 000։ Տուգանվելուց հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիրը դարձյալ չներկայացնելու դեպքում տուգանքը կկրկնապատկվի։