Պատմական ռեկորդ. 2022 թ.–ին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 925 մլրդ դրամ

Ռուստամ Բադասյան
ՊԵԿ նախագահը նշել է, որ 2023 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 2 տրլն 203,7 մլրդ դրամ եկամուտներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. 2022 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 925 մլրդ դրամ, հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 81 մլրդ դրամով։ Այս մասին իր ամանորյա ուղերձում հայտարարել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ համարելով այս ցուցանիշը պատմական ռեկորդ։
«2023 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 2 տրլն 203,7 մլրդ դրամ եկամուտներ: Այս աննախադեպ ցուցանիշն ապահովելու համար անհրաժեշտ է լինելու կատարելագործել մաքսային և հարկային ռիսկերի կառավարման համակարգերը` հսկողության ենթակա տնտեսավարող սուբյեկտների առավել թիրախային ընտրության նպատակով»,– ասել է նա։
Ռուստամ Բադասյանը նշել է, որ նոր տարում համակարգի կարևորագույն թիրախներից է լինելու ՊԵԿ աշխատակիցների մասնագիտական կարողությունների ընդլայնումը և մոտիվացիոն երաշխիքների համակարգերի ներդրումը, արդի մարտահրավերներին արդյունավետորեն արձագանքելու և դիմագրավելու կարողությունների ընդլայնումը, ոլորտում միջազգային լավագույն փորձի տեղայնացումը:
«2023 թվականին կարևոր անելիքներ ունենք եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ: Միջազգային պրակտիկայում լայնորեն ընդունված այս համակարգն էապես կփոխի հարկային քաղաքականության տրամաբանությունն ու շեշտադրումները՝ առավել հասցեական դարձնելով պետության սոցիալական ծրագրերի իրականացումը»,– ասել է ՊԵԿ նախագահը:
Նա կարևորել է եկող տարում իրավախախտումների դեմ պայքարը նոր բարձունքների հասցնելու անհրաժեշտությունը` զարգացնելով մաքսանենգության դեմ պայքարի գործիքակազմն ու հնարավորությունները: Ըստ ՊԵԿ նախագահի` մաքսային սահմանը պետք է դարձնել անտեսանելի պատնեշ, որին բախվելով կխորտակվեն բոլոր տեսակի հակաօրինական նկրտումները: