Ունենք բնակավայրեր, որոնք Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ են. Գեղարքունիքի մարզպետ

ԵՄ դիտորդների ներկայությունը որոշ առումով զսպել է հակառակորդին. այդ ընթացքում խախտումներն ու կրակոցները նվազել են։
Sputnik
Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի ագրեսիայի հրետակոծությունից տուժած 162 շենք- շինությունների վերականգնման աշխատանքները 50 և ավելի տոկոսով արվել են, մնացածն ընթացքի մեջ է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ սեպտեմբերյան ագրեսիայից հետո որոշակի տագնապային իրավիճակ է եղել, որոշները լքել են բնակավայրերը, սակայն երբ սկսվել են վերականգնման աշխատանքները, հիմնական մասը վերադարձել և միացել է աշխատանքներին։
«Վարդենիս խոշորացված համայնքի հետ միասին կարիքների գնահատման աշխատանքներից հետո գրեթե բոլոր վնասված տներում աշխատանքներ սկսեցինք։ Սակայն դրանք դանդաղում են շինարարների պակասի պատճառով։ Ամեն դեպքում առաջիկայում ևս 40 տան վերականգնման աշխատանքները կավարտվեն»,–ասաց մարզպետը։
Նա նշեց, որ կան 4 ամբողջությամբ վնասված և փլուզված տներ, որոնց վերականգնման համար երկար ժամանակ կպահանջվի։ Դրանց բնակիչներին մարզպետարանը գումար է հատկացրել՝ առայժմ տներ վարձակալելու համար։
Սահմանային ներկա իրավիճակին անդրադառնալով Սարգսյանը նշեց, որ այս պահին էլ կան բնակավայրեր, որոնք գտնվում են Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ։ Նրա խոսքով` այս փաստը արձանագրվել է նաև միջազգային կազմակերպությունների, դեսպանների, ԵՄ դիտորդների կողմից։
«ԵՄ դիտորդները նաև պարեկային ծառայություն են իրականացրել սահմանով մեկ` 12 բնակավայրերի հատվածով։ Նրանք էլ էին արձանագրել, որ ադրբեջանական ԶՈւ–ի կողմից դպրոցներ, մանկապարտեզներ են ուղիղ նշանառության տակ, ու այդ մասին հայտնել են իրենց ղեկավարությանը»,–ասաց Կարեն Սարգսյանը։
Այս համատեքստում ԵՄ դիտորդների առաքելությունը մարզպետը բարձր է գնահատում, միևնույն ժամանակ նշում է, որ նրանց ներկայությունը որոշ առումով զսպել է հակառակորդին. այդ ընթացքում հրադադարի խախտումների թիվը նվազել են։
Ինչ վերաբերում է կրակոցներին, նա նշեց, որ գրեթե ամեն օր Գեղարքունիքում հակառակորդի կողմից ինքնաձիգային կրակոցներ են լինում, որոնք ծանր հետևանքներ չեն թողնում, իսկ լուրջ դեպքերի մասին ՊՆ–ն հայտնում է։
«Սեպտեմբերի 13–14–ից հետո ադրբեջանցիները փորձել են իրենց համար բարենպաստ դիրք ստեղծեն, բայց մեր զինված ուժերը թույլ չեն տվել, իսկ կան տեղեր, որտեղ մեր սահմանապահ զինվորները բարելավել են իրենց դիրքերը»,– նշեց մարզպետը։
Խոսելով ադրբեջանական ագրեսիայից հետո սահմանամերձ բնակավայրերի բնակիչների խնդիրների մասին մարզպետը հայտնեց, որ երեք բնակավայրերի հատվածում` Վերին Շորժա, Կուտական, Կութ, արոտավայրերը օգտագործելը ռիսկային է։
Կարմիր խաչը օգնություն է տրամադրել Սյունիքի ու Գեղարքունիքի՝ պատերազմից տուժած բնակիչներին
«Սեպտեմբերյան հրետակոծությունից հետո եղել են ֆերմերային տնտեսություններ, որոնք բավականին ցածր գումարներով որոշել էին իրենց անասուններին ծախել, կային տնտեսություններ, որոնք արժեքը 50 տոկոսից էլ ցածր գնով վաճառք էին իրականացրել, ինչը մեր կողմից արագ արձագանքվեց և կանխվեց»,–ասաց նա` հավելելով, որ արոտավայրերի հարցով այլընտրանքային լուծում են գտել բնակիչների համար. չշահագործվող արոտավայրերն ենհանձնվել ֆերմերային տնտեսություններին։
Նախքան վերջին ագրեսիան՝ դեռ 2021 թվականի մայիսին, Վարդենիսի սահմանամերձ համայնքներ ադրբեջանական ներխուժման հետևանքով 80–ից ավելի անասուններ հայտնվել էին հակառակորդի թիկունքում։ Մարզպետը հայտնեց, որ կառավարությունը 30 միլիոն դրամի աջակցություն է տրամադրել 17 ֆերմերային տնտեսություններին` պայմանով, որ պետք է գումարների 80 տոկոսը տրամադրվեն անասնագլխաքանակի վերականգնմանը։
Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում մեկ այլ խնդիր է ուսուցչական կադրերի հարցը։
«Դրա համար այլընտրանքային տարբերակ ենք մտածել։ Ճանապարհածախսը փոխհատուցում ենք, և այլ բնակավայրից ուսուցիչ է գալիս, ինչը որոշ չափով թեթևացրել է իրավիճակը»,-նշում է Կարեն Սարգսյանը։
Անդրադառնալով մարզում իրականացված աշխատանքներին` մարզպետը նշեց, որ այս տարվա ընթացքում մարզում նախադեպը չունեցող ծրագրեր են իրականացվել. 34 կմ ճանապարհ է կառուցվել, դպրոցներ, մարզադահլիճներ են վերանորոգվել, բուժհաստատությունների համար նոր սարքավորումներ են ձեռք բերվել և այլն։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։