ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը դատավոր Մնացական Մարտիրոսյանին հանել է հակակոռուպցիոն դատարանի թեկնածուների ցուցակից։ Տեղեկությունը հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, այսօր` Բարձրագույն դատական խորհուրդը խորհրդակցական սենյակում, բաց քվեարկությամբ որոշել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել Մնացական Մարտիրոսյանին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի հիմքով:
«Մնացական Մարտիրոսյանը կշարունակի պաշտոնավարումը որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և չի տեղափոխվի հակակոռուպցիոն դատարան»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` նոյեմբերի 21–ին կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուներից ընտրվել էր Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով: