Ես սպորտի մեծ սիրահար եմ. նախագահը մրցանակներ է հանձնել 10 լավագույն մարզիկներին

Մարմնամարզիկները նախագահականում
Նախագահը խոստովանել է, որ իր ամբողջ կյանքում ինքը սպորտի մեջ է և կարող է Մեխիկոյի օլիմպիական խաղերից սկսած` սպորտային դրվագներ պատմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Այսօր ՀՀ նախագահի նստավայրում Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ տեղի է ունեցել 2022 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ։
Վահագն Խաչատուրյանը պարգևատրում է Արթուր Ալեքսանյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մարզիկներին` ընդգծելով, որ կառավարությունն իր բոլոր հնարավորությունների սահմաններում շարունակելու է խթանել հայկական սպորտի զարգացումը:
Այս տարվա 10 լավագույն մարզիկներին մրցանակները հանձնել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Ես սպորտի շատ մեծ սիրահար եմ։ Իմ տարիքն ինչքան որ կա, այդքան ես սպորտի մեջ եմ։ Այդպիսի ընտանիքում եմ մեծացել և դաստիարակվել։ 1968 թվականի Մեխիկոյի օլիմպիական առաջնությունից սկսած կարող եմ առանձին սպորտային դրվագներ պատմել»,– իր խոսքում նշել է նախագահը։
Վահագն Խաչատուրյանը պարգևատրում է Անի Հովսեփյանին
Նա շեշտել է` մեծ հպարտություն է զգում, որ նրանց շնորհիվ այս ծանր տարվա ընթացքում գլուխներս բարձր և մեջքներս ուղիղ կանգնել ենք՝ հպարտանալով մարզական հաջողություններով։
Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել բոլորին, որ աշխարհի տարբեր անկյուններում Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր են պահել։
Վահագն Խաչատուրյանը պարգևատրում է մարմնամարզիկ Արթուր Դավթյանին
Հիշեցնենք` դեկտեմբերի 21-ին հայտնի դարձան նաև 2022 թվականի Հայաստանի լավագույն 10-ը մարզիկների անունները։ Առաջին հորիզոնականում սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանն է, երկրորդ հորիզոնականում` Հարություն Մերդինյանը, երրորդ հորիզոնականում հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, չորրորդում` Մալխաս Ամոյանը, հինգերորդում` Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ), վեցերորդում` Հովհաննես Բաչկովը, ապա Անի Հովսեփյանը (բռնցքամարտ), ութերորդում` ծանրամարտիկ Սամվել Գասպարյանը, իններորդում` ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը, իսկ տասներորդ հորիզոնականում` հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը։ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքներով լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 5 մլն դրամ:
Ռեկորդային հաղթանակներ, բացառիկ ու աննախադեպ թվով մեդալներ. 2022-ի մարզական ամփոփումը