ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է սահմանային զորամասերից մեկը։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ և օրինակելի ծառայության համար, շնորհավորել գալիք տոների առիթով, խրախուսական նվերներ հանձնել հրամանատարական կազմի ներկայացուցիչներին և ժամկետային զինծառայողներին։
«Մենք առանձնակի հպարտանում ենք ձեզանով, մենք՝ նկատի ունեմ և՛ իշխանությանը, և՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս, մենք մեր գործով ենք զբաղված, որովհետև գիտենք, որ դուք ձեր ուժով, ձեր կամքով կատարում եք հայրենիքի հանդեպ ստանձնած ձեր պարտավորությունները, որպեսզի մենք կարողանանք մեր քաղաքացիական կյանքում կատարել մեր պարտականությունները»,– ասել է երկրի նախագահը:
Նա շեշտել է, որ դժվար ու բարդ տարի է եղել, ունեցել ենք կորուստներ, բայց բոլորիս նպատակն է հզորացնել մեր երկիրը, ուժեղացնել մեր անվտանգությունը, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի ոտնձգություն թույլ տալ մեր երկրի նկատմամբ:
Զորամասից հետո նախագահն այցելել է սահմանային դիրքեր, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ։