2022 թվականի ցնցող ու հիշարժան իրադարձությունները, որոնք մոռանալն անհնար է

Ի՞նչ իրադարձություններով առանձնացավ 2022 թվականը։ Sputnik Արմենիան ամփոփ տեսանյութ է պատրաստել։
Sputnik
Անցնող 2022 թվականը բավականին բարդ էր Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար։ Առաջին ցնցումն օգոստոսի 14–ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունն էր, որի հետևանքով 16 մարդ մահացել էր, մեկ մարդ համարվում է անհետ կորած, ավելի քանի 40 տնտեսվարողներ զրկվել են ունեցվածքից։ Պայթյունին հաջորդած փլուզումից հետո մի քանի օր շարունակ փրկարարները որոնում էին անհետ կորած քաղաքացիներին։
Այս դեպքից դեռ ուշքի չեկած` հայ ժողովուրդն ավելի մեծ ցնցում ապրեց` հակառակորդը սեպտեմբերի 13–14–ին Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էր վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Սա սահմանին 44-օրյա պատերազմից հետո առաջին մեծ սրացումն էր։ Մինչ օրս զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ, այս պահի դրությամբ հրապարակվել է 224 զոհվածի անուն։
Երևանում նոյեմբերին անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովում կազմակերպության անդամ երկրների առաջնորդները քննարկեցին Բաքվի գործողությունների պատճառով Երևանին աջակցություն տրամադրելու հնարավորությունը, սակայն այդպես էլ չկարողացան պայմանավորվել գնահատականների հարցում։ ՀՀ-ին աջակցելու վերաբերյալ ՀԱՊԿ որոշման նախագիծը չէր բավարարում հայկական կողմին։ Արդյունքում 2 փաստաթուղթ չստորագրվեց։
Աշունը լի էր իրադրաձություններով։ Հոկտեմբերի 21–ին տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ, որտեղ ԵԱՏՄ երկրների վարչապետները տնտեսական կամուրջներ հարթեցին և անդամ երկրների միջև առևտրի լուրջ աճ արձանագրեցին։
Միևնույն ժամանակ Կապանում բացվեց Իրանի հյուպատոսություն, ինչը հատկապես կարևոր է Ադրբեջանի վերջին ագրեսիայի ֆոնին։
Աշնանը տեղի ունեցավ նաև Համաշխարհային հայկական գագաթնաժողովը կամ սփյուռքի համաժողովը, որին չէին մասնակցում եկեղեցին և սփյուռքի մեծ կազմակերպությունները։
Տարվա այլ նշանավոր իրադարձություններից էր HAYA երաժշտական փառատոնի անցկացումը Երևանում։ Այդ փառատոնի շրջանակներում Հայաստանում աննախադեպ համերգով հանդես եկավ համաշխարհային ճանաչում ունեցող ռեփեր 50 Cent-ը, այնուհետև հանդես եկան նաև ֆրանսիացի սիրված փոփ երգչուհի ZAZ–ն ու Led Zeppelin Symphonic խումբը։ Տարվա նշանավոր իրադարձություններից էր նաև «Սթարմուս» գիտության և արվեստի փառատոնը, որի շրջանակում Հայաստանը հյուրընկալել է մեծանուն գիտնականների, աստղագետների, արտիստների։
Սպորտային առումով ևս տարին նշանակալից էր. Հայաստանն առաջին անգամ ընդունեց բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Այդ առաջնությանը Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը նվաճեց ոսկե մեդալ։
Երևանում տարվա եզրափակիչ միջոցառումը դարձավ «Մանկական Եվրատեսիլը», որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել մասնակիցներ 16 երկրներից։ Բացման արարողության ժամանակ էլ վառվեցին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը։
Մանրամասները` տեսանյութում։