Թուրքիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը

Թուրքիան դեռ չի վավերացրել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու`Հելսինկիի հայտը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Պեկա Հավիստոն հեռախոսով քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու Ուկրաինայում իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Այսօր տեղի է ունեցել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հավիստոյի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերը և Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը։ Այս պահին ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանհայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան և Թուրքիան։
Ստոլտենբերգը վստահ է, որ Շվեդիան և Ֆինլանդիան 2023 թվականին կմիանան ՆԱՏՕ-ին
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Շվեդիան շարունակում է մնալ Թուրքիայում արգելված իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի (FETO) կազմակերպության կողմնակիցների ձգողականության կենտրոնը։ Անկարան այդ կազմակերպության հետ է կապում 2016 թվականի պետական հեղաշրջման փորձը: Թուրքական իշխանությունները նաև ընդլայնել են այն անձանց ցուցակը, որոնց պահանջում են արտահանձնել Շվեդիայից՝ 33-ից հասցնելով 42-ի։