ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ–ն ու ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է հանդես գան Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հստակ պարզաբանմամբ։
Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շեշտելով, որ ՌԴ-ն ու խաղաղապահները Լաչինի միջանցքի ու ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովման ուղիղ պարտավորություններ են ստանձնել ԼՂ ժողովրդի առաջ։
«Ո՞րն է իրադրության ՌԴ գնահատականը, ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու նրա պլանը և ճանապարհային քարտեզը. Սրանք հարցեր են, որ ԼՂ հանրությունը սպասում է ՌԴ–ից, որը ՄԱԿ–ի ԱԽ անդամ է։ Եթե ՌԴ–ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունություն ու անվտանգություն ԼՂ–ում, կարծում եմ` ինքը պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ–ի ԱԽ–ում, ու ԼՂ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ–ի լրացուցիչ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտեց նաև, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ՌԴ խաղաղապահների վերահսկողության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ։
«Սրան նախորդել են Փառուխի իրադարձությունները` 2022թ–ի մարտին և Խծաբերդի իրադարձությունները` 2020թ–ի դեկտեմբերին, որի հետևանքով ՀՀ շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ գերեվարված»,– ասաց նա։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։