Պուտինը և Փաշինյանը քննարկել են Լաչինի միջանցքի հարցը. Մոսկվան կշարունակի միջնորդել

Արխիվային լուսանկար
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ այդ հարցով խոսակցությունները շարունակվելու են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքի հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Ռուսաստանն անհանգստացած է տարածաշրջանում լարվածության պատճառով և շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդրի կարգավորմանը։
«Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և մտադիր է հետագայում էլ շարունակել իր միջնորդական ջանքերը` կատարելով առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմունքներով»,– լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ ռուսական կողմը շարունակելու է իր աշխատանքն ու ջանքերը գործադրել ինչպես Երևանի, այնպես էլ` Բաքվի հետ շփումներում։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր` եթե ՌԴ–ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունություն ու անվտանգություն ԼՂ–ում, ապա պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ–ի ԱԽ–ում, ու ԼՂ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ–ի լրացուցիչ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։
Իսկ դեկտեմբերի 22-ին Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություններ ուղարկելու անհրաժեշտության մասին: Նրա տեսանկյունից` անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն ավելի մեծ ուշադրություն դարձնի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը։ Ընդ որում, «ռուս խաղաղապահների փոխարինման» մասին չի խոսվել։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։