ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Ալմաթիում ընթացող կայծակնային շախմատի աշխարհի առաջնության առաջին մրցութային օրը 12 հնարավորից վաստակել է 9 միավոր:
Տասներկու տուրից հետո նա կիսում է 2-ից 6-րդ տեղերը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, ռուս Դանիիլ Դուբովի, հոլանդացի Անիշ Գիրիի, ռումինացի Ռիխարդ Ռապորտի հետ:
Տիգրան Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը 12 տուրում վաստակել են 7 միավոր, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը` 6,5 միավոր: Զավեն Անդրեասյանն ու Մամիկոն Ղարիբյանն ունեն 5,5-ական միավոր, իսկ Տիգրան Հարությունյանը` 4,5 միավոր։
Կանանց մրցաշարում առաջին խաղային օրվանից հետո լավագույն արդյունքը ցույց է տվել Էլինա Դանիելյանը։ Նա 9 միավորով 9-րդ տեղում է: Լիլիթ Մկրտչյանն ունի 5 միավոր։ Սուսաննա Գաբոյանն ու Մարիամ Մկրտչյանը վաստակել են 3,5-ական միավոր:
Մրցաշարին մասնակցում են 50 երկրի 290 շախմատիստներ, նրանց թվում են գրոսմայստերներ Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և այլ տիտղոսակիր շախմատիստներ:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն դոլար։ Շախմատի արագ և կայծակնային աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 30-ին: