ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցություն է հայտնել լեգենդար ֆուտբոլիստ Պելեի մահվան կապակցությամբ։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոնը հեռացել է կյանքից։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում ողջ ֆուտբոլային աշխարհին այս անդառնալի կորստի կապակցությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Պելեին հիվանդանոց էին տեղափոխել նոյեմբերի 30-ին։ 82-ամյա բրազիլացու մոտ ախտորոշվել էր մարմնի ընդհանուր այտուց, սրտի անբավարարություն, ինչպես նաև գիտակցության մթագնում։ Պելեին հոսպիտալացրել էին 2021 թվականի սեպտեմբերին ախտորոշված հաստաղիքի ուռուցքի քիմիաթերապիայի բուժման արդյունքները վերագնահատելու համար:
2022 թվականին Պելեն երկու անգամ հոսպիտալացվել էր երեք չարորակ ուռուցքների (աղիքներ, լյարդ և թոքեր) և միզուղիների վարակի բուժման համար։
Դեկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Պելեի առողջական վիճակը վատացել է։ Բրազիլացու օրգանիզմում քաղցկեղ էր զարգանում, երիկամների և սրտի աշխատանքի խաթարման պատճառով նա նաև ինտենսիվ խնամքի կարիք ուներ։ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Պելեի օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային։