ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան (Հաագա), որպեսզի վերջինը պարտավորեցնի Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Տեղեկությունը հայտնում է դատարանի մամուլի ծառայությունը։
Հայկական կողմի ուղարկած փաստաթղթերում նշվում է, որ Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղում 120 հազար էթնիկ հայերին արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, և որևէ նախանշան չկա, որ այդ շրջափակումն առաջիկայում կվերացվի։
Ըստ այդմ, երկու երկրների միջև ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ վարույթի շրջանակում Հայաստանը խնդրել է միջանկյալ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի վրա դնելով շրջափակումը վերացնելու և Լաչինի միջանցքով բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժն ապահովելու պարտավորություններ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։