Երասխի զորամասերի հողերն ու շինությունները սեփականաշնորհել են. քրգործ է հարուցվել

Կադաստրի կոմիտե
«Երասխ 1» և «Երասխ 2» զորամասերի հատուկ նշանակության հողերն ու շինությունները գրանցել են ոմն գնորդի անվամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. «Երասխ 1» և «Երասխ 2» զորամասերի հատուկ նշանակության հողերն ու շինությունները գնորդի անվամբ գրանցելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել կադաստրի պետական կոմիտեի Վեդու տարածքային ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ, տեղեկանում ենք դատախազությունից։
Մասնավորապես, նշվում է, որ վերոհիշյալ անձը ՊՆ պաշտոնատար անձանց կողմից սահմանված կարգի խախտմամբ և ընդամենը 2 մլն 500 հազար դրամով վաճառված, Արարատի մարզում գտնվող «Երասխ 2» զորամասի 0,9 հա «հատուկ նշանակության» հողը և դրա վրա եղած շինությունները 2009թ. փետրվարի 2-ին որպես սեփականություն գրանցել է գնորդի անվամբ։ Ավելին, գնորդին տրվել է նաև սեփականության իրավունքի վկայական` այդպիսով խախտվել են մի շարք օրենքներ։
Թանկ և առանց երաշխիքի. Երևանում բնակարանների վարձակալության շուկան բարձիթողի վիճակում է
Բացի այդ, նույն պաշտոնատար անձը ՊՆ պաշտոնատար անձանց կողմից սահմանված կարգի խախտմամբ և 4 մլն դրամով վաճառված, Արարատի մարզի Արմաշ համայնքի «Երասխ 1» զորամասի 1,2 հա «հատուկ նշանակության» հողը և դրա վրա եղած շինությունները, 2009թ. փետրվարի 16-ին որպես սեփականություն գրանցել է գնորդի անվամբ և կրկին տրամադրել սեփականության իրավունքի վկայական:
2022 թվականի դեկտեմբերի 28-ին կադաստրի կոմիտեի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ 2 դրվագով մեղադրանք առաջադրելու միջնորդություն է ներկայացվել (Հ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով`անզգուշությամբ ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահում)։