Վերջին օրերին Բագրատաշենի անցակետից ՀՀ մուտք գործող բեռնատարների թիվը 94 %-ով ավելացել է

ՊԵԿ–ը հայտնում է, որ մաքսային անցակետերը գործում են բնականոն ռեժիմով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. 2022թ. դեկտեմբերի 18-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի անցակետով Հայաստան է մուտք գործել շուրջ 3500 բեռնատար տրանսպորտային միջոց, որն ավելի քան 94 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
«2021 թվականի դեկտեմբերի 18-ից 27-ը վերոհիշյալ անցակետով Հայաստան մուտք է գործել շուրջ 1800 բեռնատար տրանսպորտային միջոց։ Միաժամանակ, Գոգավան-Պրիվոլնոյեի անցակետով 2022 թվականի դեկտեմբերի 18-ից 27-ը Հայաստան մուտք է գործել շուրջ 1290 բեռնատար տրանսպորտային միջոց, որը շուրջ յոթ անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (2021 թվականին՝ շուրջ 190)»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ մաքսային անցակետերը գործում են բնականոն ռեժիմով։ Մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումները թույլ են տալիս սահմանված ընթացակարգերով իրականացնել տրանսպորտային միջոցների հոսքերի սպասարկումը։
Բագրատաշենի և Գոգավանի անցակետերի գործառնությունները կիրականացվեն նաև այլ մաքսատներում