ՊԵԿ-ը նախատոնական և տոնական օրերին մշտադիտարկումներ կանցկացնի 550 օբյեկտում

ՊԵԿ
ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորում է ցույց տալ իրական պատկերը և ակնկալում, որ կհայտարարագրվեն նաև հանդիսավարներին և շոու բիզնեսի ներկայացուցիչներին վճարվող եկամուտները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նախատոնական և տոնական օրերին մշտադիտարկումներ կանցկացնի հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության շուրջ 550 օբյեկտում: Տեղեկությունը հրապարակվել է ՊԵԿ–ի կայքում։
«Նախատոնական ու տոնական օրերին, ինչպես փորձն է ցույց տալիս, տնտեսվարողների իրացման շրջանառությունների ծավալների աճին զուգընթաց, կարող է ավելանալ նաև վարձու աշխատողների քանակը: ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին ցույց տալ իրական պատկերը: Հարկային մարմինը նաև ակնկալում է, որ կհայտարարագրվեն կորպորատիվ և ավանդական միջոցառումներին մասնակցող հանդիսավարներին և շոու բիզնեսի ներկայացուցիչներին վճարվող եկամուտները, այդ թվում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում նրանց վճարված եկամուտները»,– ասված է հաղորդագրությունում:
Ամանորյա տոնակատարությունների ընթացքում այս մշտադիտարկումները ՊԵԿ-ի աշխատակիցները կիրականացնեն՝ առանց խոչընդոտելու ու միջամտելու տվյալ օբյեկտների բնականոն գործունեությունը:
Արդյունքները հետագայում համադրվելու են հարկ վճարողների կողմից ցույց տրված համապատասխան ցուցանիշների հետ, եթե կլինեն անհամապատասխանություններ, ապա այդ մասին տնտեսվարող սուբյեկտը կծանուցվի, իսկ ռիսկային հարկ վճարողների մոտ հսկողական միջոցառումներ կանցկացվեն պարբերաբար` արդեն 2023 թվականի ամբողջ հարկային տարվա ընթացքում:
ՊԵԿ–ը կազմակերպել է կեղծ հարսանիք, բացահայտել ու տուգանել ստվերում գումար աշխատողների